Մեծ Բրիտանիայում շարունակվում են թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 60-ամյակի կամ ադամանդե հոբելյանի տոնակատարությունները:
Կիրակնօրյա միջոցառումների մեխը դարձել է Թեմզայի վրա կազմակերպված շքերթը` հազարավոր նավերի մասնակցությամբ, գրում է The Daily Mail-ը: Այդ հիասքանչ երթին հետեւել են միլիոնավոր բրիտանացիներ, նրանց չի խանգարել անգամ տեղատարափ անձրեւը:
Միապետուհին ժամանել է արարողությանը մարգարտի գույնի զգեստով, եւ ամուսնու` Էդինբուրգի դքսի եւ արքայազն Ֆիլիպի հետ մտել հատուկ թագավորական Spirit of Chartwell նավը, որն էլ ղեկավարել է նավատորմիղը:
Միջոցառմանը մասնակցում են թագուհու որդին` արքայազն Չարլզը եւ նրա կինը` Քամիլան, արքայազներ Ուիլյամն ու Հարրին, ինչպես նաեւ Ուիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, ով ներկայացել է ալ զգեստով` Alexander McQueen-ից:
Այս շքերթը ամենախոշորն է վերջին 350 տարվա մեջ, նշում են վերլուծաբանները: Երթի երկարությունը կազմել է մոտ 11 կմ:
Երեկոյան տեղի կունենա հոբելյանական ընթրիք, որին կմասնակցի նաեւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
Հոբելյանական տոնակատարությունները մեկնարկել են հունիսի 2 –ին: Երկուշաբթի` հունիսի 4 –ին Բուկինհեմյան պալատում կկայանա հոբելյանական համերգ, որին կմասնակցեն Փոլ Մաքարտնին, Էլթոն Ջոնը, Սթիվ Ուանդերը եւ այլ աստղեր: Հանդիսություններն իրենց գագաթնակետին կհասնեն հունիսի 5 –ին: Լոնդոնի կենտրոնում կկազմակերպվեն ժողովրդական զբոսանքներ, Սբ Պողոսի եկեղեցում հոբելյանական արարողություն տեղի կունենան, իսկ Լոնդոնի երկնքում` օդային շքերթ:
Բրիտանացի փորձագետների հաշվարկներով` ողջ Բրիտանական կղզիների մասշտաբով ժողովրդական զբոսանքների կազմակերպման համար, այսինքն` սնունդի, ըմպելիքի եւ տոնական հարադարանքի համար ծախսվել է 424 մլն ֆունտ:
86-ամյա Եղիսաբեթ II-ը բրիտանական միապետության պատմության մեջ երկրորդն է, ով նշում է գահակալության 60-ամյակը: Մինչ այդ, նման հոբելյան նշել է միայն Վիկտորյա թագուհին` 1837 -1901թթ:











