Ճշտված տվյալներով` Նիգերիայում վթարված օդանավում գտնվել է 153 մարդ, նրանցից ոչ ոք չի փրկվել: Զոհերի եւ տուժածների հստակ թիվը հայտնի չէ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավում 147 մարդ է գտնվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Dana Airlines ընկերության օդանավը, որը Աբուջայից Լագոս էր թռչում, երկհարկանի շենքի էր բախվել Լագոս վայրէջք կատարելիս: Հարվածից հետո օդանավը բռնկվել է, ականատեսները տեսել են` ինչպես են այրվում մարդկանց մարմինները:
Նիգերիական Լագոս քաղաքում ուղեւորատար օդանավի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է «vesti. ru»-ն: Դեռեւս չհաստատված պատճառներով` օդանավի անձնակազմն օդանավակայան վերադառնալու որշում `էր կայացրել, սակայն օդանավը չէր ձգել մինչեւ վայրէջքի եզրագիծ: Boeing-ը հարվածել է խանութին, եկեղեցուն, եւս մի քանի շենքերի եւ բռնկվել: Կրակը տարածվել է նաեւ մոտակայքում կայանած մեքենաների վրա:
Աղետի վայրում որոնողական գործողությունը շարունակվում է, մինչ այժմ հայտնի չէ թաղամասի շուրջ 50 բնակիչների ճակատագիրը, որտեղ ընկել է ինքնաթիռը: Ըստ ականատեսների` ամեն ինչ տեղի է ունեցել մի քանի վայրկյանի ընթացքում:
Հայտնի է, որ սեւ արկղերից մեկը հայտնաբերվել է: Փորձագետներն այժմ զննում են անձնակազմի անդամների բանակցությունների ձայնագրությունը: Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:











