Կիրակնօրյա հանգիստը Կիեւում ավարտվել է ողբերգությամբ: Պարաշյուտիստների ակումբի անդամները եւ հյուրերը, որոնք պատարստվել էին զվարճանալ պարաշյուտով թռիչքներով, ավիավթարի զոհ են դարձել:
Ըստ ճշտված տվյալների` 5 մարդ զոհվել, 15-ն ստացել են վնասվածքներ Լ-410-ի վթարային վայրէջքի ժամանակ: Տուժածներից մեկն արտասահմանցի է:
Կիեւյան շրջանի Բորոդյանկայում Լ-410 օդանավն իրականացրել է ծրագրված թռիչք` պարաշյուտների նախապատրաստման ծրագրի համաձայն: Օդանավում գտնվել են 17 պարաշյուտիստ եւ անձնակազմի երեք անդամներ, հաղորդում է «vesti.ru»-ն:
Վատ եղանակի` անձրեւախառը փոթորկի պատճառով օդանավն ստիպված է եղել վթարային վայրէջքի դիմել` չկատարելով թռիչքային առաջադրանքը: Օդաչուները չեն կարողացել կառավարել օդանավը, այն վթարի է ենթարկվել:
Ողբերգության պատճառները հետաքննվում են: Հետաքննության գլխավոր հարցն այն է, թե անձրեւախառը փոթորկի ժամանակ ով է թույլատրել թռիչքը:











