Տավուշի մարզի Ջուջեւան համայնքի կարկուտից տուժած բնակիչներին գյուղատնտեսության նախարարության կողմից որեւէ փոխհատուցում չի լինի, քանի որ նախարարությունը կարկտահարության վնասները չի փոխհատուցում (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Քրիստինե Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ջուջեւան համայնքում հունիսի 8-ի երեկոյան ձվի մեծությամբ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել համայնքի ինչպես հողագործությանը, այնպես էլ բնակարաններին ու մեքենաներին: Ինչպես Տավուշի մարզի Ջուջեւան համայնքից հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, գյուղացիները շվարած են, քանի որ ամբողջ  գյուղի բնակարանների տանիքները վնասվել են, կոտրվել են սեփական տների ու ավտոմեքենաների ապակիներ, գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել հողագործությունը, ծառերի վրայից ամբողջ բերքը հողին է թափվել:

«Կարկուտը տեւել է 7-10 րոպե, որի ընթացքում տանիքների շիֆերները լրիվ ջարդվել են: Ես էդպիսի կարկուտ չեմ տեսել, չհասունացած միրգը լրիվ թափվել է»,-NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում պատմել են գյուղացիները, նշելով, որ երբ կարկուտն սկսել է գալ, իրենց թվացել է, թե թշնամին գնդակոծում է գյուղը, քանի որ կարկուտի ձայնը շատ ուժեղ է եղել:

Աննախադեպ չափերի հասնող կարկուտի հասցրած վնասներից հետո գյուղացիներն անորոշ վիճակում են հայտնվել: Նրանց փոխանցմամբ, եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի, իրենք կհամարեն, որ այլեւս կառավարություն չունեն: Ջուջեւանցի Սասուն Իսրայելյանը, ում մեքենան եւս լուրջ վնասներ է կրել կարկուտի հարվածներից, մեզ հետ զրույցում նշեց, որ տան անդամները փորձել են ծածկել մեքենան, սակայն ապարդյուն: «Մեքենան արհեստավորի մոտ տարա, ասաց, որ մոտ 250 հազար դրամ է պետք նորոգելու համար»,-ասաց նա, հավելելով, որ իրենք գյուղատնտեսությանը, մասնավորապես հողագործությանը տված վնասները չեն հաշվում, իսկ այ մեքենաների եւ տանիքների հարցում կառավարությունից օժանդակություն են խնդրում:

«Դա մեր ուժերի բան չի, որ անհատ ջուջեւանցի մարդն իր վնասը վերացնի, իսկ եթե փոխհատուցում չլինի, հաշվեք, որ էդ մի գյուղը ջնջել է պետք Հայաստանի քարտեզից: Եթե նորմալ կառավարություն ունենք, թող օգնեն, եթե չէ, ուրեմն կհաշվենք որ չունենք ու մենք մեր գլխի ճարը մի կերպ կտեսնենք»,-ընդգծեց գյուղացին:

Ջուջեւանցիներն ասում են, որ իրենք գոյատեւում են միայն անասնապահությունից եկող չնչին գումարներով, ու այս դեպքում արդեն իրենք պետք է վաճառեն անասուններին, որպեսզի կարողանան տների ու անասնագոմերի տանիքները նորոգեն, այս դեպքում սակայն իրենք կկորցնեն ապրելու հնարավորությունը:

Ջուջանի գյուղապետ Ռոբերտ Չիլինգարյանի խոսքով, չկա մի տուն, որ կարկուտը վնասած չլինի, «կարծես քարտեզով գծած լինեն, որ գյուղի վարչական տարածքը պետք է լրիվ ջարդի»:

«147 տուն վնասվել է: Եթե այն արագ չվերանորոգվի, ապրել հնարավոր չէ, քանի որ առաջիկայում անձրեւներ են սպասվում: Տներ կան, որ վերանորոգումն էլ չի օգնի, պետք է ամբողջությամբ փոխել: Այսօր ժողովրդին բացարձակ չի հետաքրքրում բանջարաբոստանային վնասները, իրենք սեփական բնակարանների տանիքների մասին են մտածում»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ այստեղ կառավարական մոտեցում է պետք:

Գյուղապետը կարկուտի օրը զանգահարել եւ տեղյակ է պահել բոլորին` մարզպետից մինչեւ իրենց ընտրատարածքից ընտրված պատգամավոր ու կառավարություն, հիմա նրանց կողմից ուղարկված հանձնաժողովին են սպասում, որն էլ պետք է ճշտի վնասի չափերը: Գյուղապետն ասում է, որ սա բացառիկ դեպք է, ու իրենք գյուղի սակավ բյուջեով ոչինչ անել չեն կարող:

Ու քանի որ գյուղատնտեսության նախարարության կողմից որեւէ փոխհատուցում չի լինելու գյուղացիներին, փաստորեն ստացվում է, որ գյուղատնտեսության նախարարության եւ մարզպետարանի կողմից ուղարկված հանձնաժողովների` վնասի չափերը ճշտելը փաստացի կրում է ձեւական բնույթ, ու գյուղացին այս անգամ էլ պետք է միայնակ հաղթահարի իր խնդիրները:

Հավելենք, որ Ջուջեւան համայնքը համարվում է սահմանամերձ բնակավայր:

Պատրաստեց` Էդվարդ Արզումանյանը

Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի