ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա` հունիսի 29-ի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր բրյուսելյան այցի արդյունքները եւ հանդիպումների բովանդակությունը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, նախագահը շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Բրյուսելում, մասնակցել է ԵԺԿ գագաթաժողովին, իր ելույթում խոսել նաեւ ԼՂ կարգավորման մասին ու եւս մեկ անգամ նշել, որ խնդիրը պետք է լուծվի ընդունելի փոխզիջումների արդյունքում: «Իսկ նախորդ հանդիպան ժամանակ տիկին Էշթոնը նշել է, որ թեեւ հայաստանյան որոշ շրջանակներ փորձեցին միանգամից հերքել, որ նման բան չի եղել, բայց մենք տեսանք, որ տիկին Էնշթոնը եւ նրա գրասենյակը ընդունել եւ հայտարարել է, որ Հայաստանում ընտրությունները լավագույնն էին մեր երկրում անցկացված ընտրությունների շարքում»,- ներկայացրեց Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ներկուսակցական հարցերին, Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Ռաֆիկ Գրիգորյանին, ով նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ ՀՀԿ համամասնական ցուցակում հաջորդում էր Կարինե Հարությունյանը, ով ԿԳ փոխնախարար է:
Սակայն հաշվի առնելով, որ նա շատ նորմալ եւ արդյունավետ աշխատում է ոլորտում, հաջորդը ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվում Սուքիաս Ավետիսյանը, ով 95թ-ից ԱԺ պատգամավոր է:
Հարցին, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի պատգամավոր դառնալու հարցը չի՞ քննարկում կուսակցությունում, Շարմազանովը պատասխանեց. «Սա քաղաքական թիմ է, քաղաքական գործընթացներ են ես չեմ կարող ասել, թե նրա հերթը երբ կգա: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ՀՀԿ-ական, թիմի անդամ ինքն իր ծառայությունների ոլորտում պետք է ծառայի կուսակցությանը եւ կուսակցության միջոցով հասարակությանը»: Նա փոխանցեց, որ քննարկվել է նաեւ ներկուսակցական կազմակերպչական հարցեր: «Ամռանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ, խոսվել է նաեւ այդ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին»,- տեղեկացրեց ԱԺ փոխնախագահը:











