«Անսար ադ Դին» շարժման իսլամականները հունիսի 30-ին սկսել են քանդել Թիմբուքթուի հուշարձանները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Ականատեսները հաղորդել են, որ ամբողջովին քանդվել են Սիդի Մահմուդի (Բեն Ամարի) եւ երկու այլ հուշարձաններ:

Գրոհայինները պնդում են, որ շարունակելու են ողջ օրվա ընթացքում եւ մտադիր են ոչնչացնել բոլոր 16 դամբարանները, արեւմտյան մամուլին հղում անելով գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Թիմբուքթուն քաղաք է Մալիի հյուսիսում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մի շարք հուշարձաններ կան:

Դրանց թվում, մասնավորապես, ընդգրկված են երեք մզկիթ եւ իսլամական սրբերի 16 դամբարաններ:

«Անսար ադ Դին»-ը իսլամական զինված խմբավորում է, որը կապեր ունի ահաբեկչական «Ալ-Կաիդան իսլամական Մահրիբեում» կազմակերպության հետ, որն Աֆրիկայի տարածքում կատարված շատ ահաբեկչությունների եւ մարդկանց առեւանգման պատասխանատուն է: