Հուլիսի 3 երեկոյան, Ուկրաինայի Գերագույն ռադայում ընդունվել է ռուսաց լեզվի մասին սկանդալային օրենքը, որի քննարկումների ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Մինչեւ ուշ երեկո Կիեւում չէին դադարում բողոքի ակցիաները: Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոլոր միջոցներով ձգտում էր թույլ չտալ տվյալ օրենքի ընդունումը, խորհրդարանում մի քանի անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, դեռ առավոտյան խորհրդարանի խոսնակ Լիտվինը ասել էր, որ այս շաբաթ օրենքը չեն ընդունելու, սակայն երեկոյան նա լքել էր Ռադան, իսկ նրա տեղը զբաղեցրել փոխխոսնակը: Օրենքի հակառակորդները ինչ-որ բան են զգացել վերջին վայրկյանին եւ անմիջապես վազել դեպի նախագահություն, սակայն դահլիճը սակավաթիվ էր, իսկ փոխխոսնակին պաշտպանում էին օիշխող «Ռեգիոնների կուսակցության» ուժեղ պատգամավորները: Նրանք չէին կարող հասնել Մարտինյուկին:
Գրոհողները կարողացել են հասնել միայն մինչեւ նրա խոսափողը: Որոշ ժամանակ անց խոսափողը հետ է վերադարձվել, օրենքը դրվել է քվեարկության եւ ընդունվել:
Ընդդիմադիրների առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան դադարել է օրենսդիր մարմին լինելուց, եւ ընդդիմությունը լքել է խորհրդարանը:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի մեկից (դրա համար, իհարկե, անհրաժեշտ է նաեւ Վիկտոր Յանուկովիչի ստորագրությունը) եւ էապես կընդլայնի տարածաշրջանային լեզուների օգտագործման ոլորտը: Ռուսերենի դեպքում դա կվերաբերի Ուկրաինայի 27 ռեգիոններից 13-ին: Ռուսերենով կարելի կլինի վարել գործավարություն, համագործակցել իշխանության հետ, օգտագործել ռուսերենը կրթության եւ լրատվության մեջ:











