Կրասնոդարի երկրամասում արդեն 28 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, նախնական տվյալներով` Կրիմսկում 17 մարդ է զոհվել, Գելենջիկում` 9, Նովոռոսիյսկում` 2: Հիշեցնենք, նախօրեին հինգ մարդ Գելենջիկում զոհվել էին հոսանքի հարվածից:

Զոհերի ինքնությունը ճշտվում է: Նրանց թվում կան տեղի բնակիչներ, ինչպես նաեւ հանգստացողներ, հայտնում է BFM.RU-ն:

Սեւծովյան ափերում գիշերվա ընթացքում տեղացել են երկու ամսվա նորմայի չափին հավասար տեղումներ: Փրկարարները տարհանել են Կրիմսկ քաղաքի բնակիչներին, որոնց տները հայտնվել էին ջրի տակ, գրում է Life News-ը:

Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: Ջրից արդեն տուժել են Նովոռոսիյսկի եւ Դիվնոմորսկի բնակիչները, որտեղ ջուրը հեղեղել է մասնավոր հյուրանոցը: Այժմ հեղեղումների գոտում իրավիճակը կարգավորվում է: Գելենջիկից տարհանվել է 190 մարդ: Բժշկական օգնության է դիմել 6 մարդ, որոնցից երեքը հիվանդանոցում են: