Կրասնոդարի երկրամասում հեղեղումների զոհերի թիվն աճել է 41-ի: Այդ մասին հաղորդվում է ՆԳՆ երկրամասային ԳՎ կայքում:
Նշվում է, որ զոհերի ցուցակները ճշտվում են: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ը հաղորդել էր 28 զոհերի մասին:
Ճշտված տվյալներով` Կրիմսկի շրջանում 30 մարդ է զոհվել, Գելենջիկում` 9, Նովոռոսիյսկում` եւս 2-ը:
Բնակչությանն օգնություն ցույց տվող երկու ոստիկաններ հայտնվել են հեղեղված գոտում, արդեն չորս ժամից ավելի է նրանց հետ կապ հաստատել չի ստացվում:
Հուլիսի 7-ին Կուբանում արտակարգ իրավիճակը կարգավորելուն միացել են Հարավային ռազմական շրջանի զինծառայողները:
Ինչպես թվիթերում գրել է Աննա Կովալյովսկայան (@sannaskay անունով օգտատերը), ում ծնողներն ապրում են Կրիմսկում, «Քաղաքացիներին չեն զգուշացրել, ալիքը եկել է գիշերը, այդ պատճառով ոչ ոքի չի հաջողվել փրկել ունեցվածքը: Այժմ ամբողջ քաղաքը զուրկ է էլեկտրականությունից, ջրից եւ գազից»: Կովալյովսկայայի խոսքով` ջրի մակարդակը հասել է 7 մետրի, իսկ հուլիսի 7-ի ցերեկը շարունակվում է մնալ շուրջ երկու մետրի մակարդակում: Կովալյովսկայան նաեւ գրել է, որ քաղաքը հեղեվել է «քաղաքի ջրամբարներից ջուրը բաց թողելու հետեւանքով»,- հաղորդում է lenta.ru-ն:
ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը դրամական փոխհատուցում է խոստացել բոլոր տուժածներին: Այն մասին, որ դրամական փոխհատուցումներ կհատկացվեն ջրհեղեղի զոհերի հարազատներին, իր թվիթերում գրել էր նաեւ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովը:
Կրասնոդարի երկրամասի հարավ-արեւմուտքում ջրհեղեղը տեղատարափ անձրեւների հետեւանք էր. Հուլիսի 6-ի ընթացքում տարածաշրջանում տեղացել են երկու ամսվա նորմայի չափին հավասար տեղումներ:











