Կրասնոդարի մարզի ՆԳՆ վարչության տվյալներով, Կուբանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվն արդեն հասել է 87-ի: Կրիմսկի շրջանում, վերջին տվյալներով, զոհվել է 76 մարդ, Գելենջիկում` 9 մարդ, Նովոռոսիյսկում` 2 մարդ: Իր հերթին, Ռուսաստանի ԱԻՆ-ը հաղորդում է 66 զոհի մասին:
Ականատեսները պատմում են, որ այս ջրհեղեղն իսկական աղետ էր, ոչինչ չէր կարող կանգնեցնել ջրի հեղեղը, որն ավերում էր ամեն ինչ իր ճանապարհին:
«Գետը կոտրել է 20 մետրանոց բետոնե ցանկապատը, լցվել տները, կոտրել հանգստացողների ավտոմեքենաները, ոչնչացրել այգիները: Ցանկապատի կտորները հայտնվել են իրենց նախնական վայրից 60 մետր հեռավորության վրա»,-իր բլոգում ջրհեղեղը նկարագրում է Մարկ Կովալենկոն: Նրա խոսքով, Կրիմսկում մի կին 6 ժամ շարունակ մնացել է գազօջախի վրա կանգնած:
Ջուրը տներն է լցվել գշերը ժամը 3-ին, երբ բոլորը քնած են եղել: Մի քանի րոպե անց ջուրը բարձրացել է մի քանի մետր, շենքերի առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են մնացել: Ականատեսների խոսքով, հատկապես բարդ իրավիճակ է եղել Կրիմսկում, Ներքին Բականկա եւ Նովոուկրաինկա ավաններում:
Գելենջիկի կենտրոնում իսկական ջրհեղեղ է եղել, ջուրը քշել է ատրակցիոնները դեպի ծովափ, նշում են ականատեսները:
Մարդիկ գրում են, որ չկա էլեկտրականություն, խմելու ջուր եւ հաց, փակ են խանութները, չի աշխատում կայուղին եւ հեռախոսային կապը, անջատված է գազը: Հիվանդանոցները ջրի տակ են եւ սննունդ չունեն:
Մարդիկ նշում են, որ իրենց ոչ ոք չի զգուշացրել աղետի մասին, ոչ ԱԻՆ-ը, ոչ օդերեւութաբանները, ոչ շտապօգնությունը, իսկ տեղի եւ մարզային իշխանություններից օգնություն դեռ չկա:











