Այսօր` հուլիսի 9-ին Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել Կուբանի ավերիչ ջրհեղեղի եւ Ուկրաինայում ռուս ուխտավորներով ավտոբուսի վթարի զոհերի կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիր էր ստորագրել հուլիսի 8-ին, ըստ որի` հուլիսի 9-ին ՌԴ-ի եւ Ռուսաստանի արտասահմանյան ներկայացուցչությունների տարածքում կիջեցվեն պետական դրոշները:
Մշակույթի հաստատություններին, ինչպես նաեւ հեռուստատեսություններին հրահանգվել է զերծ մնալ ժամանցային ծրագրերի ցուցադրումից, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Կուբանում ջրհեղեղների պատճառով զոհվել է 170 մարդ: Զոհերի մեծամասնությունը Ղրիմի շրջանում է: Գելենջիկում զոհվել է 10 մարդ, Նովոռոսիյսկում` 2 կամ 3:
Կրիմսկի բնակիչները համոզված են, որ պաշտոնյաներն իրենց զոհաբերել են: Քաղաքում վստահ են, որ իշխանությունները բացել են Նեբերջաեւսկի ջրամբարի փականները, որպեսզի փրկեն Նովոռոսիյսկը:
Նեբերջաեւսկի ջրամբարը հետազոտել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կրասնոդարի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովը, բնապահպան-ակտիվիստ Սուրեն Ղազարյանը: Սակայն Կրիմսկի կողմից ջրամբարը փական չունի, ջրի հոսքը քաղաք կարող էր լինել միայն եթե ջրամբարը ճեղքվեր: Այն, որ ջուրը բաց չեն թողել, ապացուցում է այն փաստը, որ ջրամբարը մինչեւ պռունկները լի է եղել, գրում է «lenta.ru»-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կուբանում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների շարքում հայեր կան: Նշվում են Նովոռոսիյսկի բնակիչներ Լիդիա Ստեփանի Շահբազյանի եւ Հովհաննես Գրիգորի Շահբազյանի անունները:











