«Թալիբանի» գրոհայինները արյունալի հաշվեհարդար են տեսել ամուսնական  հավատարմության խախտման մեջ մեղադրվող մի կնոջ հետ եւ այդ ամենը տեսագրել: Նրան չեն կարողացել կիսել երկու սիրեկանները, եւ զոհին որոշել են սպանել: Հաշվեհարդարը տեղի է  ունեցել Փարվան նահանգի գյուղերից մեկում` Քաբուլից մոտ 100 կմ հեռու, շուրջ մեկ շաբաթ առաջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես ծնկի իջած կնոջը մոտենում է չալմայով մի մարդ եւ հինգ անգամ անընդմեջ կրակում Կալաշնիկովի ինքնաձիգից, այնուհետեւ եւս չորս փամփուշտ է արձակում արդեն անշնչացած մարմնին: Լսվում են  «Ալլահն զգուշացնում է մեզ չդավաճանել ամուսիններին, քանի որ դա սխալ ճանապարհ է: Ալլահի կամքով նա կպատժվի», գրում է afganistan.ru-ն:

Բարբարոսական սպանությունը երկու թալիբների վեճի հետեւանք է եղել, որոնք սեռական կապի մեջ են եղել Նաջիբա անունով հայտնի 22-ամյա կնոջ հետ, այնուհետեւ չեն կիսել նրան եւ որոշել են սպանել  «դեմքը պահպանելու» համար: Ընդ որում` դաժան սպանությունը տեղի է ունենում գրեթե 150 հոգանոց ամբոխի առջեւ, որոնք հավանություն տվող «Ալլահը զորավոր է» կոչեր են արձակում:

Գնդակահարությունից առաջ կինը նաեւ կտտանքների է ենթարկվել: