Եգիպտոսի հյուսիսում գտնվող Ալեքսանդրիա քաղաքում ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնի ավտոշարասյունը լոլիկների եւ դատարկ շշերի «ռմբակոծման» է ենթարկվել:

Ինչպես տեղեկացնում է ՆՏՎ-ն, մի քանի ժամ հարյուրավոր բողոքողներ շրջափակել են Ամերիկայի հյուպատոսարանը, որտեղից ԱՄՆ-ի պետքարտուղարը պետք է ուղեւորվեր օդանավակայան: Այդ ամբողջ ժամանակ ամբոխին զսպել է ոստիկանությունը:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հեռացող մեքենաներին նաեւ ճանապարհել են  «Մոնիկա» բացականչություններով: Դժգոհ եգիպտացիները ցանկացել են Հիլարի Քլինթոնին հիշեցնել Մոնիկա Լեւինսկիի հետ նրա ամուսնու սկանդալային սեռական կապը:

«Առաջին ալիքը» հղում անելով  Reuters-ին, ճշտում է, որ ո'չ բարձրաստիճան հյուրը, ո'չ էլ նրան ուղեկցողները չեն տուժել: Դրա փոխարեն  տուժել են եգիպտացի պաշտոնյաները. լոլիկները պարզապես ոմանց դեմքին են դիպել: 

Նշենք, որ Քլինթոն-Լեւինսկի աղմուկը բռնկվել էր 90-ականների վերջին եւ հանգեցրել ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենթի գործընթացին, որը քիչ էր մնում հաջողութամբ  պսակվեր: Հետագայում նախագահը խոստովանել էր, որ ինքն է երիտասարդ աղջկան սեռական հարաբերությունների դրդել: