Նեւադայում ատոմային փորձարկումների միանգամայն հազվագյուտ տեսագրություն է հրապարակել ամերիկացի գիտնականը. դրանում արձանագրված է 1953թ. փորձնական պայթյունը` իրական, ոչ թե մոնտաժված ձայնով, գրում է The Daily Mail-ը:
Ատոմային ռումբերի պայթյունների տեսագրությունների մեծ մասը մոնտաժված են լինում, ինչի հետեւանքով նկարն ու ձայնը համընկնում էին:

«Եթե անգամ դրանք փորձնական պայթյունների իրական ձայն են պարունակում  (ինչի վերաբերյալ խիստ կասկածներ ունեմ), ապա գրեթե միշտ այն մոնտաժված է լինում այնպես, որպեսզի նկարն ու ձայնային ալիքները համընկնեն», - բացատրել է Ֆիզիկայի ամերիկյան ինստիտուտի գիտության պատմաբան Ալեքս Վալլերսթայնը, որն իր բլոգում հրապարակել է հազվագյուտ տեսագրությունը:

«Սա, իհարկե, շատ ճիշտ է: Լույսի արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը, իսկ տեսախցիկները փորձարկումների վայրից շատ  հեռու են գտնվում, այնպես որ ձայնային ալիքը իրականում տեսախցիկներին հասնում է պայթյունից մոտ կես րպե անց: Սա տարրական ֆիզիկա է, անգամ ուղեղի ոչ տեխնիկական ուղղվածությամբ մարդիկ, ինչպիսին որ ես եմ, կարող են դա հասկանալ»,-շարունակել է նա:

Ինչպես հստակեցնում է Վալլերսթայնը, բնակչությանը թույլ  են տվել հետեւել փորձնական պայթյուններին. կառավարությունը փորձել է նվազեցնել հանրության մտավախությունները ռադիոակտիվ տեղումների վերաբերյալ, այդ պատճառով տեսագրությունում կարելի է լսել մարդկանց արձագանքը` «Կանգնիր» եւ «Գրողը տանի»:

Նշենք, որ ԱՄՆ-ում եւ աշխարհում ատոմային առաջին փորձարկումը տեղի է ունեցել 67 տարի առաջ` 1945թ. հուլիսի 16-ին` Նյու Մեքսիկո նահանգում: ԽՍՀՄ-ն իր առաջին ռումբը պայթեցրել է չորս տարի անց` 1949թ. օգոստոսի 29-ին:

1963թ. ատոմային եւ ոչ ատոմային շատ պետություններ ատոմային փորձարկումները սահմանափակելու պայմանագիր են ստորագրել եւ պարտավորվել են զերծ մնալ մթնոլորտում, ջրի տակ եւ տիեզերական տարածքում ատոմային պայթյուններ իրականացնելուց: Թույլատրվել են միայն ստորգետնյա փորձարկումները: Ընդ որում, Ֆրանսիան ցամաքային փորձարկումները շարունակել է մինչեւ 1974թ., իսկ Չինաստանը` մինչեւ 1980թ.:

ԽՍՀՄ-ն ստորգետնյա վերջին ատոմային փորձարկումն անցկացրել է 1990թ., Մեծ Բրիտանիան` 1992թ., Ֆրանսիան եւ Չինաստանը` 1996թ.: 1996թ. նաեւ պայմանագիր էր ստորագրվել ատոմային փորձարկումների լիակատար արգելքի մասին, երկրները պարտավորվել են չվերսկսել ատոմային փորձարկումները: