Կոլորադոյի ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Ավրորա քաղաքի կինոթատրոնում «Բեթմեն» ֆիլմի ցուցադրման ժամանակ սպանդ իրականացրած հանցագործը 24-ամյա Ջեյմս Հոլմսն է: Նրա մասին հայտնի է, որ ծնվել է 1987թ. դեկտեմբերի 23-ին, 182 սմ հասակ ունի եւ ապրում է Ավրորայի հյուսիսում, հաղորդում է Lifenews-ը:
Որոշ լուրերի համաձայն, նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: Ոստիկանները նշում են, որ գնդակոծման ժամանակ հագին եղել է սեւ զգեստ, որ նմանվում էր Բեթմենի համազգեստին: Հանցագործի գլխին սաղավարտ է եղել, իսկ մոտը` երեք հրացան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա գործել է հանցակցի հետ, սակայն այդ վարկածը հերքվել է:
24-ամյա երիտասարդը մտել էր կինոթատրոն պահեստային դռնից: Ականատեսները հաղորդել են, որ նախ նա ծխանռնակ է նետել, որի հետեւանքով պայթյուն է որոտացել: Վայրկյաններ անց հանցագործը սկսել է առանց տարբերակելու գնդակահարել մարդկանց:
Սպանդի հետեւանքով զոհվել է 12-15 մարդ: Եւս 50-ը, ներառյալ երեք ամսական փոքրիկն ու 6 տարեկան մի երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պարզվել է, որ նա կինոթատրոնի մոտ է եկել կեսգիշերին մոտ Hyundai մակնիշի մեքենայով: Ոստիկանները խուզարկության արդյունքում մեքենայից երկու հրացան, ատրճանակ եւ հակագազ են գտել:
Կինոթատրոնի մերձակա տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից:











