Իսպանիայի հյուսիս-արեւելքում գտնվող Կատալոնիայի նահանգում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում 15-ամյա մի աղջիկ, եւս 17-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես Associated Press-ին վկայակոչելով հաղորդում է rbc-ն, մի դեպքում մահվան պատճառ է դարձել հրդեհը հանգցնելիս տեղի ունեցած սրտի կաթվածը, իսկ մյուս 2-ն էլ մահացել են` կրակից փրկվելու համար օվկիանոս նետվելիս: Ուժեղ հրդեհները նաեւ տրանսպորտային խնդիրներ են ստեղծել: Հրդեհային ծառայության հաղորդագրութան մեջ ասվում է, որ Իսպանիան Ֆրանսիային կապող հիմնական ավտոճանապարհային մայրուղին փակ է:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ անտառային հրդեհները բռնկված են 7 հազար հա տարածքում: Բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հորդորվում է մնալ տներում` մինչեւ իրադրության կարգավորումը: Հրդեհների դեմ պայքարի համար ուղարկվել է ավելի քան 80 հրշեջ-փրկարարական ջոկատ:
Կատալոնիայի ՆԳ նախարար Ֆելիպ Պյուիգի խոսքով, հրդեհները տեղայնացնել չի հաջողվում ուժեղ քամու պատճառով, որը հասնում է 90 կմ/ժամի: Ալտ-Էմպորդա շրջանի բոլոր բնակիչներին, իսկ նրանց թիվը 100 հազարի է հասնում, հրհանգվել է դուրս չգալ տներից: Այդ տեղանքով անցնում է հիմնական երթուղին, որով իսպանացիները հաճախ են գնում Ֆրանսիա` հանգստանալու, իսկ ֆրանսիացիները` հակառակ ուղղությամբ:
Հրդեհն սկսվել է կիրակի Խերոնա նահանգում, Ֆրանսիայի հետ սահմանից 500 մետր հեռավորության վրա: Այն ուժեղ քամու հետեւանքով արագ տարածվել է:
Թեեւ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավել են 200 օդանավեր եւ ուղղաթիռներ, բանակային ստորաբաժանումներ եւ ֆրանսիացի հրշեջներ, կրակի տարածումը դեռ չի հաջողվում կանխել:
Պարզվել է, որ 4 զոհերից երեքը Ֆրանսիայի քաղաքացիներ են: Նրանց շարքում են 60-ամյա տղամարդն ու նրա 15-ամյա դուստրը:











