Չինաստանում արդեն 4-րդ օրն է, չեն դադարում հորդառատ անձրեւները, որոնք հանգեցրել են վերջին 9 տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղի: Աղետին զոհ է գնացել շուրջ 180 մարդ, 45 մարդ համարվում է անհետ կորած:
Ինչպես հաղորդում է Euronews-ը, «Երեք քարանձավ» ամբարտակից ջրի հոսքը 70 հազար խմ մեկ վայրկյանում արագությամբ լցվել է բնակելի տները, իր ճանապարհին սրբելով տներ ու կամուրջներ:
Չինաստանի 17 նահանգներում հորդառատ անձրեւները չեն դադարում հուլիսի 20-ից: Աղետից տուժել է Պեկինը, հյուսիսային Հեբեյ եւ Շանսի նահանգները, հյուսիս-արեւմուտքում` Սիչուան եւ Գույջոու նահանգները:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, տարերային աղետի հետեւանքով տուժել է շուրջ 9,2 մլն մարդ, շուրջ 1,18 մլն մարդ տարհանվել է:
Ջրհեղեղն ավերել է 54 հազար, վնասել` 144 հազար տուն:











