Լուրջ առաջընթաց է նկատվում սեռակրթության ոլորտում, եթե տասը տարի առաջ սեքսապաթոլոգների դիմում էին միայն քաղաքաբնակները, ապա այսօր հեռավոր շրջաններից էլ շատ դիմողներ կան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  բժիշկ, սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ սեքսապաթոլոգներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, ավելի շատ դիմում են տղամարդիկ, որոնց հիմնական գանգատները կապված են էրէեկցիայի, վաղաժամ սերմնաժայքման հետ: Կանայք դիմում են սեքսապաթոլոգին՝ կապված սեռական ցանկության նվազման, վագինիզմի եւ օրգազմի հետ: Վերջին տարիներին ավելացել է նաեւ  սեքսապաթոլոգներին զույգերի դիմելիությունը:

Ինչ վերաբերում է ամռան շրջանում մարդու սեռական առողջությանը, բժիշկը խորհուրդ է տալիս ամռանը խուսափել ծանրամարս սնունդ ընդունելուց, ցանկալի է ոչ թե ծարավը հագեցնել գազավորված ըմպելիքներով, այլ ջրով կամ հանքային ջրով: «Ամռանը ցանկալի է, որ մարդիկ հագնեն թեթեւ, ոչ շատ կիպ հագուստ, որ մարմինը առավելագույնս շնչի, ցանկալի է հագնել բաց գույնի զգեստ: Մյուս խնդիրը, որ առաջանում է, այն է, որ սինթետիկ նյութերից ներքնազգեստներ հագնողների մոտ ավելի հաճախակի են հանդիպում մաշկի հետ կապված խնդիրները»,- ասաց նա: