Հնդկաստանի հարավում հուլիսի 30-ի առավոտյան գնացք է այրվել, զոհվել է 25 մարդ
NDTV հեռուստաալիքի տվյալներով, կրակը բռնկվել է Չեննայի ուղեւորված ճեպընթացի վագոններից մեկում: Նախնական տվյալներով` հրդեհը լարի կարճ միացման հետեւանք է եղել:
Գնացքը կանգնեցվել է Անդհրա Պրադեշ հարավային նահանգի Նելլոր քաղաքում:
Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, ավելի քան երկու տասնյակ մարդ այրվածքներ են ստացել: Բոլոր տուժածներին հասցրել են հիվանդանոց, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղական կառավարման ներկայացուցիչ Շրիդհարիին վկայակոչելով` LifeNews-ը գրում է, որ հրդեհի զոհ է դարձել նվազագույնը 32 մարդ, 20-ից ավելին այրվածքներով եւ այլ վնասվածքներով տեղափոխվել են Նելլորի հիվանդանոց:
Զոհերից շատերը բռնկման պահին քնած են եղել, իսկ զարթնելով, կրակե թակարդի մեջ են հայտնվել: Ոմանք փրկվելու համար դուրս են թռել վագոններից:











