ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի Իսրայելում արված հայտարարության շուրջ աղմուկը դեռ չդադարած, նոր սկանդալի տեղիք տվեց նրա  մամլո քարտուղար Ռիկ Գորկան: Վերջինիս նյարդերը տեղի են տվել, եւ նա  լրագրողներին առաջարկել է «համբուրել իր հետույքը»:Միջադեպը տեղի է ունեցել Վարշավայում, որտեղ Ռոմնին ացելել էր Իսրայելից հետո:

Ինչպես NEWS.am-ը հայտնել էր, Երուսաղեմում Ռոմնիի խոսքերը պաղեստինցիները որակել էին իբրեւ ռասիստական: Ռոմնին Երուսաղեմն անվանել էր Իսրայելի մայրաքաղաք եւ ընդգծել էր իսրայելցիների տնտեսական եւ մշակութային գերազանցությունը պաղեստինցիների նկատմամբ:

CNN-ը հայտնում է, որ հուլիսի 31-ին Ռոմնին Լեհաստանում էր: Վարշավայում անհայտ զինվորի շիրմին ծաղիկներ դնելուց հետոՌոմնիի այցը լուսաբանող լրագրողները  փորձել են մեկնաբանություն ստանալ Իսրայելում արված հայտարարության վերաբերյալ: Ռոմնին չի արձագանքել:

Լրագրողները շարունակել են հարցեր տալ, ինչից հետո Ռոմնիի մամուլի քարտուղար Ռիկ Գորկան նրանցից հարգանք է պահանջել:

Լրագրողների դիտողությանը, որ սա հարցի պատասխանն ստանալու միակ հնարավորությունն է, նա չի դիմացել եւ ասել է «համբուրեք հետույքս: Սա սուրբ վայր է լեհերի համար, հարգանքով վերաբերվեք»,- գրում է «Գլավրեդը»: Դրանից հետո մի լրագրող կրկին հարց է ուղղել, ինչին Գորկան պատասխանել է «Գրողի ծոցը գնացեք»:

Ավելի ուշ Գորկան զանգահարել է ամերիկացի մի քանի լրագրողների եւ ներողություն խնդրել կոպտության համար: