Պյատիգորսկում իննամյա Անյա Պրոկոպենկոյի բռնաբարության եւ սպանության գործով կասկածյալ Վլադիմիր Համբարձումովը դատարանի որոշմամբ ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: 40-ամյա կասկածյալը մինչեւ սեպտեմբերի 24-ը հսկողության տակ կմնա:
Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Վլադիմիր Համբարձումովը կասկածվում է առանձնակի դաժան հանցագործություններում եւ ազատության մեջ լինելու դեպքում կարող է շարունակել հանցավոր գործունեությունը կամ փախչել: Դատարանը հաշվի է առել կասկածյալի խնդրանքը, որը, ըստ երեւույթին, տեղի զայրացած բնակիչների Լինչի դատաստանից վախենալով, ինքն է խնդրել բանտարկել իրեն:
Life News-ն իր հերթին պարզել է, թե հանցագործին ինչպես է հաջողվել աղջկան համոզելով իր հետ անտառ տանել, որտեղ էլ կատարվել է ոճրագործությունը: Պարզվում է, Վլադիմիր Համբարձումովը Անյային առաջարկել է գովազդային նյութեր տարածողի (փրոմոութեր) աշխատանք:
Մոլագարը բացատրել է, որ ամռան ամիսների համար աշխատող է պահանջվում, որը կտարածի տպագիր նյութեր եւ կոսմետիկա, եւ որ Անյան համապատասխանում է այդ աշխատանքին: Նա դպրոցականին առաջարկել է գնալ գրասենյակ եւ քննարկել աշխատանքի պայմանները: Աղջիկն ուրախությամբ համաձայնել է:
Համբարձումովը զոհին տարել է անտառ, բռնաբարել եւ սպանել, գրում է NEWSru.com-ը:
Անյա Պրոկոպենկոն կորել էր հուլիսի 23-ին Պյատիգորսկում: Երկօրյա որոնումներից հետո նրա դիակը գտել էին Մաշուկ լեռան ստորոտին: Փորձաքննությունը պարզել էր, որ աղջկան բռնաբարել եւ խեղդամահ են արել: Վլադիմիր Համբարձումովը ձերբակալվել էր օգոստոսի 1-ին. նախկին բանտարկյալը ապացույցների ճնշման տակ խոստովանել էր մեղքը. Նրա ԴնԹ-ի թեստը համընկնում էր աղջկա հագուստի վրայի նմուշներին:











