Google-ի օլիմպիական նոր լոգոտիպի թեման սեղանի թենիսն է: Լոգոտիպին պատկերված են երկու մրցակիցներ, որոնցից մեկը աջլիկ է, մյուսը` ձախլիկ: Ձախլիկի ռակետը փոխարինում է Google-ի լոգոտիպի երկրորդ «օ» տառին, որը տեղակայված է ցանցին:

Լոնդոնի Օլիմպիադա -2012-ում սեղանի թենիսի մրցությունները անցկացվում են հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը: Մասնակցում են 172 մարզիկներ ամբողջ աշխարհից` 86 տղամարդիկ, 86 կանայք:

Սեղանի թենիսը օլիմպիական խաղերում ընդգրկվել է 1988թ.: Չինաստանն այս ընթացքում 24 ոսկե մեդալներից 20-ը շահել է:

Հիշեցնենք, Օլիմպիադայի ընթացքում Google-ը տոնական լոգոտիպեր է տեղադրում` նվիրված տարբեր մարզաձեւերի: Բացման օրից արդեն լոգոտիպեր են նվիրվել նետաձգությանը, ջրասուզմանը, գեղարվեստական մարմնամարզությանը, սուսերամարտին, խոտի հոկեյին: