«Հայ էքսթրիմ-2012» փառատոնի շրջանակներում օգոստոսի 3-ին Սեւանա լճում իրականացվեց ջրասուզակների ստորջրյա կողմնորոշում` տարածքին ծանոթանալու նպատակով: Մոտ 12 րոպե տեւած ստորջրյա սուզմանը մասնակցեցին 11 ջրասուզակներ` Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Դաղստանից:

Մրցավար, ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ջրասուզակների խմբի ղեկավար Արտակ Էլմասակյանը նշեց, որ, հաշվի առնելով բարձրլեռնային գոտին եւ ջրասուզակների հմտանալու անհրաժեշտությունը, նրանք երկու-երեք օր կատարել են ադապտացիոն սուզումներ:

«Սեւանը ծովի մակերեւույթից 2 հազար մետր բարձրության վրա է, հետեւաբար դա որոշակի դժվարություն է ներկայացնում սուզակների համար: Բացի այդ, սուզվելուց առաջ եւ հետո նրանք անցնում են բուժզննում»,- ասաց Էլմասակյանը:

Նրա խոսքով, բարձրադիր լեռներում սուզվելու առանձնահատկությունը ջրասուզակները մրցույթի արդյունքում կարողացան հաղթահարել, ավելին, ոչչ միայն հաջող կերպով կատարել են, այլեւ կարողացել են խեցգետին որսալ:

Առաջին փուլի արդյունքներով ջրասուզակներին հաջողվել է անցնել նախանշված երթուղին, եւ, ըստ Էլմասակյանի, հաջորդ փուլի երթուղին կբարդացվի նրանց համար: Հաղթողները կորոշվեն ոչ միայն արագությամբ եւ երթուղու ճիշտ անցմամբ, այլ նաեւ անվտանգության կանոնների պահպանմամբ: