Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել երեք բայքերների նկատմամբ, ովքեր հուլիսի սկզբին Նեւսկի պողոտայով անցել էին` հետեւի նստատեղին կիսամերկ ուղեւորուհիներով:

Մոտոցիկլիստներին մեղադրել են չարտոնված երթի մեջ, քաղաքական հոդվածով, որը վերջերս են ընդունել հանրահավաքների մասին աղմկահարույց օրենքի շրջանակներում:

Բայքերները 10 հազարական ռուբլի տուգանք են վճարելու, հաղորդում է «Ֆոնտանկա.ru»-ն:

Ակցիան տեղի էր ունեցել հուլիսի 6-ին, եւ այն նկարել էին լրագրողներն ու ականատեսները: Տեսագրության մեջ երեւում է, որ երեք գեղեցկուհիներ հանում են գրեթե ողջ հագուստը, նստում մոտոցիկլետների ետեւի նստատեղին, իսկ մոոտցիկլետների վրա «Անվտանգ երթեւեկություն» գրառումով դրոշներ են: Հենց այդ դրոշները, եւ ոչ մերկությունը զայրացրել է ոստիկաններին:

Դատարանը նշել է, թե բայքերներն ինքնակամ մասնակցել են երթի «սոցիալական կյանքի հարցում կարիք արտահայտելու եւ ձեւավորելու նպատակով»:

Թեպետ բայքերներն իրենց մեղավոր չեն համարում, սակայն վճիռը չեն բողոքարկի: