Ֆիլիպիններում ավելի քան 70 մարդ աղետալի ջրհեղեղի զոհ է դարձել: Նվազագույնը յոթ մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին օգոստոսի 10-ին հայտնել են տեղական իշխանությունները:
Հատկապես շատ է տուժել 15 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաք Մանիլան: Մեգապոլիսի տարածքի ավելի քան 80%-ը ջրածածկ գոտում է, որոշ տեղերում ջուրը 1,5 մետրի մակարդակի է հասնում:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է սոցապահովության նախարար Կորասոն Սոլիմանը, փախստականների ճամբարները լեփ-լեցուն են, նրանցում արդեն ավելի քան 300 հազ. մարդ է կուտակվել: Աղետից տուժածների ընդհանուր թիվը, ըստ մոտավոր հաշվարկների, հասնում է 1,95 մլն մարդու, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի 10-ի առավոտյան վատ տեսանելիության պայմաններում Մանիլայից ոչ հեռու վայրէջք է կատարել երկրի նախագահի ուղղաթիռը, վերջինս այցելել էր ջրհեղեղից տուժած շրջաններ:











