Պերմի «Ռիֆեյ» հեռուստաալիքը ռեպորտաժ է ցուցադրել հայերի եւ տաջիկների միջեւ զանգվածային կռվի մասին, որը տեղի էր ունեցել Պերմում օգոստոսի 8-ի գիշերը: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ կռվի պատճառը հայի հետ զբոսնող երկու աղջիկներն են եղել:
Զանգվածային կռվի մասին հաղորդում ոստիկանությունն ստացել է գիշերվա ժամը երկուսի սահմաններում: Դեպքի վայր են ուղարկվել ՊՊԾ-ի, ոչ գերատեսչական պաշտպանության եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցներ:
Մամուլի ասուլիսում Պերմի երկրամասի փոխոստիկանապետ Վլադիմիր Վլասովը հայտնել է, որ բավականաչափ ուժեր են ներդրվել, ինչի շնորհիվ իրավիճակն արագ հարթվել է:
Ոստիկանությունում ընդգծում են. կռիվը ազգամիջյան հակասության ենթատեքստ չի ունեցել: Երկու կողմերն էլ հարբած վիճակում են եղել, կռվի պատճառ են դարձել հային ուղեկցող աղջիկների հասցեին Տաջիկստանի քաղաքացու վիրավորական արտահայտությունները:
Ականատեսների պատմածով` կռվին երկու կողմերից մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Այնտեղ կային կանայք, երեխաներ, գործի էին դրվել բեյսբոլի մականներ, մի մարդ հրազենային վնասվածքով հոսպիտալացվել էր: Ձերբակալվել էր կռվի մասնակից շուրջ հիսուն մարդ:
Կռվում տուժածների թիվը հինգն է: Կռվի մասնակիցների նկատմամբ քրեական երկու գործ է հարուցվել` «Խուլիգանություն» հոդվածով:











