Եղիա Մարգարեի վանքի վանահայր Տիմոֆեյը (Ալեքսեյ Պոդոբեդովը) Մոսկվայի կենտրոնում խոշոր վթար է ստեղծել՝ BMW Z4 սպորտային մեքենայով բախվելով Volkswagen Touareg-ի հետնամասին։ Հարվածից սպորտային մեքենան իներցիայով նետվել է հանդիպակաց գոտի, որտեղ նրան է բախվել Toyota Corolla-ն։ Ականատեսների վկայությամբ՝ հոգեւորականը ոչ սթափ վիճակում է եղել։ Ռուս Ուղղափառ եկեղեցու հասարակության եւ եկեղեցու հարաբերությունների Սինոդի բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինը РСН-ի եթերում ելույթ ունենալով՝ կոչ է արել դեպքը մանրամասնորեն քննել։ «Կարծում եմ, որ ճշմարտությունից այստեղ չի կարելի փախչել։ Եկեղեցական իշխանությունը նման դեպքերում միշտ գնահատական է տալիս։ Մեղավոր է, թե անմեղ է մարդը՝ պետք է պարզել։ Այստեղ պետք է հասկանան նաեւ աշխարհիկ իրավապահ մարմինները։ Չի կարելի ճշմարտությունը հասկանալու ձգտումից խուսափել»,- ասել է ավագ քահանա Չապլինը։
Նշենք, որ վանահայր Տիմոֆեյի անունը հայտնի է դարձել այս տարվա ապրիլին Ֆիլիպ Կիրկորովի աղջկա մկրտության արարողության արդյունքում։ Հենց այդ ժամանակ վանահայրը Ֆիլիպ Կիրկորովին թույլատրել է բարձրանալ խորան, որպեսզի ելույթ ունենա հավաքվածների համար։
Ըստ եկեղեցու կանոնների՝ խորանի վրա աշխարհիկները չեն կարող բարձրանալ, քանի որ այն համարվում է սրբազան վայր, որտեղ թույլատրվում է ներկա լինել միայն հոգեւորականներին, այսինքն՝ օծյալ քահանաներին։ Վանահոր քայլը մամուլը, բլոգերներն ու հավատացյալները սրբապղծություն են որակել։











