Ֆիլիպինների հյուսիսում մոլեգնող արեւադարձային փոթորիկի զոհ են դարձել 7 մարդ, եւս 2 մարդ համարվում է անհայտ կորած: «Helen» արեւադարձային փոթորիկը (միջազգային դասակարգմամբ` Kai-Tak ) անցել է Ֆիլիպինների կենտրոնական  Լուսոն կղզու վրայով:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, տարրերային աղետը ավերել է 14 ճանապարհ եւ կամուրջ, ավելի քան 2,5 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Մոլեգնող աղետից ընդհանուր առմամբ տուժել են 20 հազար մարդ:

Միաժամանակ, վերջին տվյալներով, Մանիլայի տարածքում սկսված ջրհեղեղների զոհ է դարձել մայրաքաղաքի ավելի քան 102 բնակիչ, անհայտ կորած են համարվում 2-ը: Անցյալ շաբաթվա մեջ  ընդամենը երկու օրվա ընթացքում Ֆիլիպինների մայրաքաղաքում տեղացել են մեկ ամսվա չափաբաժնից  ավելի տեղումներ, ինչ արդյունքում ջուրը ամենաբարձր հատվածներում խորտակել է 12 միլիոն բնակչություն ունեցող հսկա մեգապոլիսի տարածքի կեսը:

Տարրերային աղետներով զբաղվող Ազգային խորհրդի գնահատականով, Ֆիլիպինի մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում  աղետից տուժել են մոտ 4,2 միլիոն բնակիչ, իսկ ժամանակավոր էվակուացիոն կենտրոններում գտնվում են մոտ 1 միլիոն փախստականներ: Ջրհեղեղները ամբողջությամբ ոչնչացրել են 3,3 հազար տներ եւ վնասվել է եւս 9,3 հազար շինություններ, ավերվել են տասնյակ ճանապարհներ եւ կամուրջներ: