Երեկ՝ օգոստոսի 20-ին ուժեղ կարկուտ է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 13:30-ից 18:00-ն ընկած  ժամանակահատվածում անձրեւ ու կարկուտ է տեղացել մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում: Ստեփանավանցիների պատմելով` կարկուտը վնասել է այգիների բերքը, շուրջ 300 հա խոտհարքները, տուժել են հատկապես պտղատու այգիները, խոսակցությունների համաձայն կարկուտը ջարդել է ջերմոցների եւ բնակարանների ապակիները: Բնակիչներից մեկը հայտնեց, որ նույնիսկ մի քաղաքացի կարկուտի տակ է  ընկել ու վնասվածքներ ստացել, սակայն նրա վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ կարկտահարության մեկ այլ դեպք էր գրանցվել օգոստոսի 18-ին: ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչություն տեղեկություն էր ստացվել, ոչ նույն օրը ժամը 19:30-ից 19:-ն ընկած ժամանակահատվածում մարզում տեղացած կարկուտի հետեւանքով  վնասվել է Արջուտ, Ազնվաձոր, Վահագնի գյուղերի եւ Սպիտակ քաղաքի պտղատու ծառերի բերքի մի մասը: Վերջիններիս տարածքները «Մեւան» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի