Մարսագնաց Curiosity-ից ստացված տեսանյութը եւ լուսանկարները մեծ իրարանցում է առաջացրել Երկրի վրա՝ միստիկայի սիրահարների շրջանակում։ Նրանց կարծիքով՝ Մարսի հորիզոնում Curiosity-ի օբյեկտիվը ՉԹՕ է ֆիքսել։ Բրիտանական Alien Disclosure UK անդամներից մեկը նույնիսկ NASA-ի կայքում տեղադրված լուսանկարներից տեսահոլովակ է պատրաստել եւ տեղադրել YouTube-ում՝ «Ի՞նչ է սա, ՉԹՕ, թե փոշու հատիկ» հարցադրմամբ։

Նշենք, որ NASA-ի փորձագետները արդեն կարծիք են հայտնել, որ մարսյան երկնակամարում երեւացող օբյեկտները պարզապես լուսանկարչական խոտան է։ NEWSru.com-ի տեղեկացմամբ՝ վիդեոփորձագետ Մարկ Դանտոնիոն եւս պարզաբանել է, որ լուսանկարներում Մարսի երկնակամարում երեւացող կետերը պարզապես թվային լուսանկարչական խոտան է։ Ըստ նրա՝ լիցքաթափված մթնոլորտում նկարահանման ժամանակ «մեռած պիքսելները» ավելի պարզ են երեւում, ինչի արդյունքում էլ խաբկանք է ստեղծվել, թե երկնակամարում թռչող օբյեկտ կա։

Սակայն արտերկրյա կյանքի գոյությանը հավատացողները մեկ այլ հանգամանք են նկատել։ Curiosity-ի Երկիր ուղարկած տեսանյութերից մեկում ինչ-որ լուսավոր օբյեկտ է վեր խոյանում, իսկ մի քանի վայրկյան անց մեկ այլ թռչող օբյեկտ էլ հայտնվում է էկրանի ձախ անկյունում։