Օգոստոսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, Երեւան քաղաքի վարչության ղեկավարությունը, բաժինների պետերը, օպերատիվ գծով տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետերը:

Օրակարգում մեկ հարց էր` հանցագործությունները ոստիկանության բաժիններում գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկան, որն արմատախիլ անելու ջանքերը դեռեւս չեն տալիս ցանկալի արդյունք:

Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ եւս նշել է, որ նման վիճակն անհանդուրժելի է եւ պահանջեց անհապաղ ստուգումներ սկսել ոստիկանության բոլոր բաժիններում եւ արդյունքներով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Խոսելով արատավոր երեւույթի հետեւանքների մասին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ դա առաջին հերթին վնասում է ոստիկանության հեղինակությանը, խախտում ոստիկանության հանդեպ քաղաքացու վստահությունը, խոչընդոտում հասարաակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը:

Կոնկրետ ցուցումներ տալով արատավոր գործելաոճը վերացնելու վերաբերյալ` Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրել է քաղաքացիների հավատն ու վստահությունը վաստակելու առաջնահերթության, ոստիկանի բարոյական կերպարի անաղարտությունը պահպանելու եւ իրավապահի առաքելությունը լիարժեք իրականացնելու անհրաժեշտության մասին եւ կարգադրեց ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը շտկելու եւ ոստիկանության գործունեության մեջ արատավոր դրսեւորները բացառելու համար: