Հունգարիայում վաղը` սեպտեմբերի 4-ին, նախատեսված է լայնածավալ բողոքի ակցիա` Հունգարիայի Կառավարության` հայ սպային գիշերը կացնահարելու համար ցմահ ազատազրկման ենթարկված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ:Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունգարացի հայագետ Զիգմունդ Բենեդեկը` հիշեցնելով, որ արդեն երկու բողոքի ցույց հունգար ժողովուրդը կազմակերպել է:
Նրա կարծիքով` բողոքի ցույցերի նպատակները նման են, բայց նաեւ տարբեր: «Այս բողոքի ակցիայով հունգար ժողովուրդը ցանկանում է ցույց տալ, որ հայ ժողովրդի կողքին է, նույնիսկ այն ժամանակ, երբ Հունագարիայի Կառավարություն այնպիսի որոշում է կայացնում, որը Հայաստանին չի նպաստւմ»,- նշեց նա:
Բողոքի ցույց կազմակերպելու նպատակը նաեւ այն է, որ հունգարացիները ներողություն են խնդրում հայերից, ինչպես նաեւ այդ քայլով իրենց Կառավարության վրա ճնշում են գործադրում, որպեսզի նա շտկի Հայաստանի հետ կապերը, պաշտոնապես ներողություն խնդրի թե հայերից, թե հայաստանից: Կազմակերպելով բողոքի ակցիաներ, հունգարացի հայագետի խոսքով, ժողովուրդը ցանկանում է հասնել նրան, որ Հունգարիայի Կառավարությունը Ռամիլ Սաֆարովի գործով միջազգային ֆորումներում պահանջի, որ նրան կամ տեղում բանտարկեն կամ արտահանձնեն Զիգմունդ Բենեդեկը հավանական չի համարում, որ Սաֆարովին Ադրբեջանում կբանտարկեն, սակայն հավանական է համարում այն, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա: Արդյունքը, ըստ նրա, անկանխատեսելի է եւ կախված է նրանից, թե Հունգարիայի Կառավարությունը ինչպես հանդես կգա միջազգային ֆորումներում եւ միջազգային կազմակերպությունները ինչքան ներուժ ունեն` Ադրբեջանի վրա ազդելու:
Նրա վստահեցմամբ` Հունգարիայի ակտիվիստների, քաղաքական գործիչների, կառավարության մեծ մասը հայ ժողովրդի կողքին է: Ինչ վերաբերում է Հունգարիայում պանթուրքիզմի գաղափարների տարածմանը, ապա, հունգարացի հայագետի խոսքով, հունգար ժողովուրդը ոչ մի կապ չունի պանթուրքիզմի հետ, եւ այնտեղ հայտնաբերված առաջին թուրքերեն արձանագրությունը 1500 տարեկան է, հետեւաբար` չի կարող որեւէ կապ լինել հունգարերենի եւ թուրքերենի հետ կամ այդ ժողովուրդների միջեւ: Նրա կարծիքով` պանթուրքիզմը հակագիտական տեսություն է, որը չի կարող շրջանառվել Հունգարիայի գիտական շրջանակներում: Նրա խոսքով` Հունգարիայում միայն մեկ կուսակցություն կա, որը սերտ կապերի մեջ է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան հետ եւ այդ գործարքի հետեւանքով տարածում է տեսություններ, թե հունգարացիները հեռավոր ազգակցություն ունեն թուրքական ցեղերի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին:











