YouTube-ի կազմակերպած կարճամետրաժ ֆիլմերի հաղթող է դարձել իսպանացի Դեւիդ Վիկտորին:
Վենետիկի կինոփառատոնի, Emirates Airline-ի եւ Scott Free Productions ընկերության համագործակցությամբ YouTube-ի կազմակերպած մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին Վենետիկում: Ժյուրիի կազմում են եղել ռեժիսոր Ռիդլի Սքոթը եւ դերասան Մայքլ Ֆասբենդերը, նրանք ընտրություն են կատարել եզրափակիչ անցած 10 մասնակիցներից, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Մրցանակն ստացել է իսպանացի ռեժիսոր Դավիդ Վիկտորիի «Մեղք» (The Guilt)13 րոպեանոց ֆիլմը: Այն պատմում է մարդու մտորումների մասին, որի միակ ձգտումը կնոջ սպանոթյունից հետո վրեժն է եղել: Վիկտորին 500 հազար դոլար մրցանակ է ստացել YouTube-ի համար նոր ֆիլմ նկարահանելու համար` Սքոթի եւ Ֆասբենդերի մասնակցութամբ:
Փառատոնին մասնակցել են կարճամետրաժ 15 հազար ֆիլմեր 160 երկրներից: Ֆիլմերի տեւողությունը չպետք է գերազանցեր 15 րոպեն: Ժանրային սահմանափակումներ չեն եղել: Ռիդլի Սքոթի Scott Free Productions ընկերութունն ընտրել էր կիսաեզրափակիչ անցած 50 ֆիլմ, որոնք տեղադրվել էին YouTube-ի հատուկ Your Film Festival channel ալիքում: Այստեղ YouTube-ի օգտվողները կարող էին քվեարկել ֆիլմերի օգտին: Այդ միջոցով էլ ընտրվել էին 10 եզրափակիչ անցածները:











