Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ այսօր` սեպտեմբերի 3-ին բողոքի ակցիա է կայացել: Հավաքվածներն իրենց դժգոհությունն են հայտնել Հունգարիային` հայ սպա Գուրգեն Մարգարյանի հրեշավոր սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ հետագա ներման կապակցությամբ:
«Հունգարիան օրինականացրեց հայերի սպանությունը Եվրամիությունում» եւ այլ պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել Հունգարիային:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ. փետրվարին քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ռ. Սաֆարովը Ադրբեջանին փոխանցվել էր Հունգարիայից, որտեղ դատապարտված էր ցմահ բանտարկության:
Նույն օրը`օգոստոսի 31-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել, որի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:











