Հայաստանի նախագահական նստավայրի մոտ բողոքի ցույց է սկսել, որին մասնակցում են ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ (ֆոտոռեպորտաժ): Ցույցը նվիրված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի այցին, որը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում: Առաջիկա ժամերին Ռասմուսենը կայցելի նախագահական պալատ, որտեղ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիս կկայանա:
Ցույցի մասնակիցները բողոքում են Հունգարիայում Դաշինքի կազմակերպած դասընթացներին մասնակցելու մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում գազանաբար կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաաֆարովի արտահանձնման եւ դրան հաջորդած ներման վերաբերյալ ՆԱՏՕ-ի համարժեք գնահատականի բացակայությունից:
Ցուցարարները հավաքված են նախագահական նստավայրի դիմացի մայթում: Նրանք ժողովրդա-հայրենասիրական երգեր են երգում, ձեռքներին անգլերեն գրություններով ցուցապաստառներ կան. «Քնած դիվանագետը դիրքերում քնած զինվորից վատ է», «Ոչ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանը», «Հունգարիան արժե 2 մլրդ, իսկ ՆԱՏՕ-ն որքա՞ն արժե», «Ամոթ», «Մենք ՆԱՏՕ-ի համարժեք պատասխանն ենք ակնկալում», «արյուն=նավթ», «Սա նավթային քաղաքականության արդյունքն է»:











