Փարիզում Հունգարիայի դեսպանատան դիմաց սեպտեմբերի 6-ին հարյուրավոր ցուցարարներ էին հավաքվել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, այնուհետեւ հայրենիքում ներում ստանալու առթիվ իրենց բողոքն արտահայտելու: Այդ մասին տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ն:

Այն ժամանակ, երբ Տանյա Բաբանազարյանը կարդում էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի նամակը` հասցեագրված Ֆրանսիայում Հունգարիայի դեսպան Լասլո Տրոչանիին, իսկ նրա երկու համանախագահներ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորայանը զրուցում էին անվտանգության ծառայության աշխատակիցներով շրջապատված գլխավոր հյուպատոսի հետ, ցուցարարները, դատապարտելով Բուդապեշտի քաղաքականությունը, բացականչում էին. «Արդարությունն արհամարհվում է, մարդասպանն ազատված է»:

Կանաչների կուսակցության անդամ, եվրոպացի պատգամավոր Միշել Ռիվազին եւս մասնակցել է ցույցին` հայտարարելով, որ պետք է բացատրություն տա ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: