Փարիզի Ելիսեյան պալատում սեպտեմբերի 8-ին կայացել է սըր Փոլ ՄըքՔարթնիին Պատվավոր լեգեոնի շքանշան հանձնելու արարողությունը։ Ֆրանսիայի բարձրագույն պարգեւը բրիտանացի աստղին հանձնել է նախագահ Ֆրանսուա Օլանդն անձամբ։
Հանդիսավոր արարողության ընթացքում Օլանդը նշել է ՄըքՔարթնիի «անգին ավանդը» երաժշտության ասպարեզում եւ ընդգծել նրա ազդեցությունը ֆրանսիացի շատ կատարողների վրա։
Համաձայն կարգի՝ երգիչը պետք է անձամբ շքանշանը գնի ոսկերչից։ Քանի որ շքանշանը տարբեր աստիճաններ ունի, մեդալները տարբեր նյութերից են պատրաստվում։ Շքանշանի արժեքը կազմում է 169-700 եվրո, գրում է Luxlux.net-ը։
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 4-ին Ֆրանսիայի նախագահը կարգադրություն էր ստորագրել նախկին բիթլին Պատվավոր լեգեոնի շքանշանով պարգեւատրելու մասին։
Շքանշանը ստեղծվել է 1802թ. Նապոլեոն Բոնապարտի հրամանով՝ միջնադարյան ասպետական շքանշանների նմանությամբ։ Այն հանձնվում է Ֆրանսիայում հատուկ ավանդ ներդրած անձանց։ Պարգեւն ունի հինգ աստիճան՝ ասպետ, սպա, հրամանատար, մեծ սպա եւ մեծ խաչի ասպետ»
Հիշեցնենք, ավելի վաղ երաժիշտը ասպետի կոչում էր ստացել հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում։











