Հայաստանում խաղողի պահանջարկն ավելին է, քան առաջարկում են գյուղացիական տնտեսությունները: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր` սեպտեմբերի 10-ին հայտարարեց Երեւանի կոնյակի գործարանի (ԱՐԱՐԱՏ բրենդ) գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը (ֆոտոռեպորտաժ):
Նշենք, որ այսօր Արարատի մարզի Այգավան գյուղում Երեւանի կոնյակի գործարանը սկսեց խաղողի մթերման սեզոնը: Լրագրողների այցելության պահին մոտ 14 բեռնատարներ սպասում էին մթերման մեկնարկին: Խաղողը մթերվում է կգ-ը 140 դրամով, նախորդ տարվա 130 դրամի համեմատ: Ըստ Ա. Գրիգորյանի` այդ մասնաճյուղում պատրաստ են մթերել օրական մինչու 700 տոննա խաղող, իսկ ընդհանուր առմամբ` 24 հազ. տոննայից ավելի:
Այս տարի խաղողի մթերման սկիզբը 1 շաբաթ առաջ է նախորդ տարվանից: Ա. Գրիգորյանը դա բացատրեց եղանակային պայմաններով` տարին «առաջ է», խաղողն ավելի շուտ է հասունացել, իսկ շաքարայնության տոկոսը նույնիսկ ավելին է, քան նախորդ տարի: Այսպես` հենց լրագրողների ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայությամբ լաբորատոր ստուգումը պարզեց, որ առաջին բեռնատարում խաղողի շաքարայնության տոկոսը 20.2 է, այնինչ նախորդ տարի 18 էր (նվազագույն մակարդակը պետք է լինի 17):
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ մյուս ընկերությունները խաղողի մթերումը կսկսեն սեպտեմբերի 17-ին: Սպասվում, է, որ խաղողի մթերման միջին գինն այս տարի զգալիորեն կգերազանցի 2011 թ. միջին գնին: Այսպես, ըստ գյուղնախարարի, 2011 թ. խաղողը հանրապետությունում մթերվել է կգ-ը միջինը 131.9 դրամով, իսկ այս տարի հնարավոր է այդ ցուցանիշը հասնի 150 դրամի, քանի որ Վայոց Ձորում մթերումները կիրականացվեն կգ-ը 250-260 դրամով:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի











