Երեւանի Տիգրան Մեծի 24 շենքի 5-րդ հարկի պատշգամբից այսօր` սեպտեմբերի 11-ին ժամը 21-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով ցանկանում էր ցած նետվել 25-30 տարեկան մի երիտասարդ: Դեպքի վայր էր ժամանել ոչ միայն ոստիկանության, այլեւ 1-03 ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Երկար ժամանակ փրկարարներն ու ոստիկանները բանակցություններով համոզում էին նրան, որպեսզի հրաժարվի ինքնասպանության մտքից եւ ի վերջո նրանց հաջողվեց է դա անել: Դեպքի վայրում հավաքված մարդիկ NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ երիտասարդը Սարի թաղի բնակիչ է եւ արդեն 4-րդ անգամ է փորձում ցած նետվել` նույն տարածքի տարբեր շենքերից:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրան անվտանգ տարածք տեղափոխած փրկարար Վիկտորիան նշեց, որ երիտասարդի անունը Գրիգոր է եւ միայն ինքը երեք անգամ նրան իջեցրել է տանիքից: Ամեն անգամ Գրիգորը ինքնասպանություն գործելու տարբեր պատճառաբանություններ է բերում` սիրելի աղջիկն է նրան թողել, ծնողներն են լքել մանուկ հասակում եւ արդեն այս անգամ փրկարարը չէր էլ հարցրել, թե այժմ ինչն է ինքնասպանություն գործելու պատճառը: «Ես ուղղակի ասել եմ, որ ինչ պատճառ էլ լինի, պետք չէ ինքնասպանություն գործել, ասացի, որ ինքնասպանություն չգործի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Նրան տանիքից իջեցնելուց հետո շենքի մուտքի առաջ հավաքված բնակիչները երիտասարդին դիմավորեցին ծափողջյուններով եւ նստեցնելով մեքենան` նրան տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք:
Հավաքավածները նաեւ նշում էին, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի, ինչն էլ բազմակի ինքնասպանության փորձեր անելու պատճառ է:











