Կարաչիում կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհի զոհերի թիվը ներկայումս հասել է 289-ի: Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, այս թիվը դեռ վերջնական չի, քանի որ հրդեհի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Ավելի վաղ հաղորդվում էր 236 զոհի մասին:
Ինչպես հաղորդում է DawnNews հեռուստաընկերությունը, ներկայումս փրկարարները շարունակում են մաքրել ավերակները եւ դուրս բերել մարմինները նկուղային տարածքներից:
Հիշեցնենք, որ Պակիստանյան Կարաչի քաղաքի կարի Ֆաբրիկայում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 11-ին` օրվա ընթացքում, սակայն կրակը մարել հաջողվել է միայն գիշերը, իսկ որոշ օջախներ շարունակվել են այրվել միչեւ առավոտ:
Զոհերի թվով հրդեհը արդեն իսկ համարվել է վերջին տասնամյակի ամենախոշոր դեպքը: Կարաչիում եռօրյա սուգ է հայտարարվել:
Մի շարք հեռուստաընկերություններ հայտնում են, որ ֆաբրիկայի դարպասների մոտ կուտակվել են մահացածների հարազատները, ովքեր ցանկանում են ներխուժել ֆաբրիկայի տարածք` իրենց հարազատների մարմինները անձամբ փնտրելու համար:
Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է այն սենյակում, որտեղ տեղադրված է եղել էլեկտրական լարերի գեներատորը: Կրակը անմիջապես տարածվել է հարեւան սենյակներում:
Ոստիկանությունը հայտնել է ֆաբրիկայի անվտանգության անբավարար միջոցների մասին. Այնտեղ բացակայել են հրդեհային ելքերը եւ հակահրդեհային միջոցները:











