Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին միմյանց են բախվել Լոռիի մարզի Արջուտ գյուղի բնակիչ, 1985թ-ին ծնված Վռամ Սրապյանի վարած «Դոջ» մակնիշի 33 ՕՕ 513 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1963թ-ին ծնված Սեյրան Գրիգորյանի վարած «Ռենո» մակնիշի մեքենաները:
Բախման արդյունքում Ռենոն ընկել է ձորը, ինչի հետեւանքով ուղեւոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1972թ-ին ծնված Արմենակ Պետրոսյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը նաեւ հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներից մեկը նկարահանման ժամանակ խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը, արգելել է նկարահանում կատարել ու սկսել է հայհոյանքներ տալ, որոնք ուղեկցվել են սպառնալիքներով: Թղթակցի տվյալով, նշված անձը նախնական տեղեկություններով գյումրեցի է եւ բարեկամական կապի մեջ է «Դոջ» մեքենայի վարորդի հետ: Հատուկ նմանների համար հիշեցնենք, որ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը դասվում է քրեական հանցագործությունների շարքին եւ պատժվում է օրենքով սահմանված կարգով:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











