Տավուշի մարզում այս օրերին խաղողագործների մի մասը զբաղված է մթերվող տեսակի խաղողի հավաքմամբ, մի մասն էլ՝ այն քաղում ու վաճառում է ճանապարհներին: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին խաղողագործները «սեղանի տեսակի» խաղողը փորձում են իրացնել ճանապարհներին` մեկ կիլոգրամը 200 դրամով: Թեեւ խաղողագործները նշում են, որ իրենք օրական կարողանում են չնչին գումար տուն տանել, սակայն չեն մտահոգվում, քանի որ մնացած խաղողն էլ «լցնում են տակառներն ու օղի քաշում»: Աչաջուր գյուղի բնակիչ Վաչիկ Խառատյանը NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տարին խաղողի առումով առատ է, մթերման հետ կապված եւս խնդիրներ չեն առաջանում.«Լավ խաղող ստանալու համար պետք է ժամանակին մշակել, սա էլ մեծ ծախսերի հետ է կապված»,- ասաց նա: Նա այս տարի խաղող չի մթերել, սակայն նշում է, որ մթերումն էլ իր հերթին խնդիրներ ունի. «Մթերվողն էլ 100 դրամ է էլի, նույնիսկ իր դեղորայքի գումարը չի հանում, իր ճանապարհածախսն ու տրանսպորտը եթե հանենք գալիս ա մեկ կիլոգրամը 50 դրամ»,- նշեց նա:
Խոսելով իր առօրյա աշխատանքի մասին` Աչաջուր գյուղի բնակիչը նշեց, որ, չնայած խաղողագործության դժվարություններին, ինքը չի վհատվում ու սիրով պատասխանում է բոլոր այն մարդկանց հարցերին, ովքեր կանգնեցնում են մեքենան ու զրույցի բռնվում: Նրա խոսքով` քիչ չեն դեպքերը, երբ արտասահմանից ժամանած հյուրերը ցանկանում են նաեւ լուսանկարվել ճամփեզրին խաղող վաճառող գյուղացու հետ, ով հյուրերին ճանապարհում է իր այգու առատ բերքով՝ խաղողով:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











