Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը զարմացած է Նյու Յորքի դաշնային դատարանի` իր դեմ 37,5 մլն դոլարի վճիռ կայացնելու մասին տարածված տեղեկություններից: Նա այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այդ դատական գործընթացը սկսվել է դեռեւս 2008թ եւ տարիներ շարունակ իրեն փորձել են դարձնել արբիտրաժային կողմ, սակայն միջազգային արբիտրաժը մերժել է այդ «անհեթեթ որոշումը»:
«Միջազգային արբիտրը մերժում է, որովհետեւ իմ պարտավորությունները պայմանագրային կողմի հետ կապ չունեն եւ հանկարծ այդ մեղադրական ակտը հանդես է գալիս Նյու Յորքի դաշնային դատարանում, նույն հաջողությամբ ինձ Թուրքիայում կարող են դատել: Վարդան Այվազյանը չի գործել որպես ֆիզակական անձ, այլ բնապահպանության նախարար, երկիրը փրկել է թալանից»,- նշեց նա՝ առաջարկելով այդ գործը բերել քննել Հայաստանի դատական ատյաններում կամ Եվրոպական դատարանում: Պատգամավորը իր զարմանքը հայտնեց այն կապակցությամբ, որ դեպքերը ծավալվել են Հայաստանում, սակայն դատական գործընթացը ընթանում է Նյու Յորքում, ավելին՝ ինքը այդ մասին իմանում է համացանցից: Նա նշեց, որ մինչեւ այժմ չի ստացել որեւէ դատավճիռ եւ առաջին հերթին, փրձելու է ծանոթանալ այդ դատավճիռն, ապա նոր միջոցներ ձեռնարկել:
Իսկ թե ինչպես է տեղի ունեցել այս ամենը, նա պատմեց, որ տվյալ ընդերքի տեղամասը տրամադրված է եղել «ՍՀԱ» կազմակերպությանը, ով ունեցել է երկու լիցենզիաներ: «Գլոբալ Գոլդ Մայնինգը» պայմանագիր է կնքել այդ կազմակերպության հետ եւ տալով գումարի չնչին մասը՝ «գցել է» «ՍՀԱ» կազմակերպության բաժնետերերին, որի մասով արբիտրաժը որոշում է կայացրել: Այդ ժամանակվա բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն էլ կասեցրել է այդ կազմակերպությանը լիցենզիայից, քանի որ պարտավորությունները չեն կատարել: Նա նշեց, որ եթե Ամերիկայում որեւէ հարստություն ունի, օրինակ՝ անասուններ, ապա տալիս է իրենց: «Եթե ԱՄՆ-ում սեփականություն ունեմ, իրենց լինի, եթե մեղավոր եմ, թող վերցնեն: Թե մեղավոր եմ, կգնամ հուր հավիտյան նստելու»,- ասաց նա:
Վարդան Այվազյանը պատահական չի համարում 2008թ կայացված վճռի այժմ ի հայտ գալը՝ հավանական համարելով, որ դա կապված է երկու օր առաջ ԱԺ-ում արած այն հայտարարության հետ, որ պետք է ավել հարկ վճարեն գունավոր մետաղներ, մասնավորապես՝ ոսկի օգտագործողները: Նա սա համարում է երկրորդ արշավը իր դեմ, իսկ առաջինը, իր խոսքով եղել է 2007թ: Այս ամնեի մեջ պատգամավորը որոշակի անձանց շահագրգռվածություններ է տեսնում, մասնավորապես՝ նա նշեց, որ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի որդին աշխատում է«Գլոբալ Գոլդ Մայնինգում»: «Լավ բան է փող աշխատելը, կա մարմնավաճառ, կա հոգեվաճառ, շատ ավելի լավ է մարմնավաճառ լինելը, քան հոգեվաճառ լինելը»,- նշեց նա:
Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» գրել էր, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Այվազյանի «օբյեկտը» իր ծախսերով եւ շքեղությամբ մրցակից չունի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում»,- հայտնել էին նրանք:
Իսկ «Հետքը» գրել էր, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվազյանի: Ըստ վճռում եղած նյութերի` 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների: Ընկերությունը այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











