Ավստրալիայի հայերը միացել են Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման միջազգային դատապարտմանը` բողոքի ցույց անցկացնելով Կանբերայում Հունգարիայի դեսպանատան դիմաց, հաղորդում է «Armenia Online» ավստրալական կայքը:

Երկժամանոց ցույցի ընթացքում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանը եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ հայր Ավետիս Համբարձումյանը հանդիպել են Ավստրալիայում Հունգարիայի դեսպան Աննոյ Շիկոյի հետ, որին համայնքի անունից նամակ են փոխանցել` հետեւյալ կոչերով.

1) Վիկտոր Օրբանի կողմից Իլհամ Ալիեւի քայլերի դատապարտում, 2) Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի եւ Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ պատերազմ սկսելու մշտական սպառնալիքների դատապարտում,  3) Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: