Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը սեպտեմբերի 19-ին հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Տիտղոսաթերթում պատկերված է գլխանոցով մահմեդական, նստած անդամալույծի սայլակին, որը վարում է ուղղահավատ հուդայականը: Անդամալույծն ասում է. «Ծիծաղելու ոչին չկա»: Ծաղրանկարը վերնագրված է «Անձեռնմխելիները 2» եւ նմանեցված է «Անձեռնմխելիները» ֆիլմին` անդամալույծ ազնվականի եւ նրա սեւամորթ օգնականի մասին:
Որոշ նկարներում Մուհամեդ մարգարեն մերկ է պատկերված: Ամսագրի կայքում նշված է, որ սադրիչ նկարները «Ֆունդամենտալիզմ» թողարկման ներքո են տեղակայված` «Մուհամեդը կինո է նկարահանում» վերնագրի տակ: Փոխաբերական իմաստով դա նշանակում է` «Մուհամեդը կրկես է սարքել»:
Հրատարակության գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեն հայտարարել է, որ ծաղրանկարները «կցնցի նրանց, ովքեր կուզեն լինել ցնցված, կարդալով այն թերթը, որը նրանք երբեք չեն կարդացել»:
Մինչդեռ հրապարակման լուրը անհանգստացրել է կառավարությանը: Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ «քննադատում է ցանկացած չարաշահում», հայտնում է NEWSru.com-ը:
Հենց Մուհամեդի ծաղրանկարների հետ էր կապված մի քանի տարի առաջ մահմեդականների կողմից վրիժառությունների շարքը: 2005 թվականին նկարիչ Կուրտ Վեստերգաարդը Մուհամեդ մարգարեին պատկերել էր ռումբի տեսքով գլխանոցով: Մի քանի մահմեդական երկրներում Դանիայի դեսպանատունը հարձակումների էր ենթարկվել: Զոհվել էր 50 մարդ:











