Լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում Վրաստանի ՆԳՆ-ի նոր տեսանյութի մասին, որը բանտային սկանդալի պատասխանն էր: Համաձայն ՆԳՆ-ի, ընդդիմության ներկայացուցիչները կաշառել են ոստիկաններին` սադրիչ տեսանյութերի ստեղծման համար:
Հիշեցնենք, որ իրավապահների հաղորդմամբ, կաշառողները Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են եղել:
Տեսանյութում մի տղամարդ ոստիկանին փող է առաջարկում` ընդդիմադրին տանջելու տեսահոլովակի դիմաց: Տղամարդը պատրաստ է վճարել նաեւ բանակում զինվորներին ծեծելու տեսանյութի համար: Եւ, վերջապես, ոստիկանին հոնորար են տալիս, որպեսզի հայտարարի, որ լքում է ուժային գերատեսչությունը` ի նշան իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի:
Գործը փոխանցվել է Գլխավոր դատախազություն: Գործում նշվում է նաեւ Իվանիշվիլիի զարմիկը, ով մի քանի անգամ հիշատակում է «քեռուն», գրում է News.ge-ն:
Նախագահ Սահակաշվիլին նշել է, որ տեսանյութում երեւացող պատգամավորի թեկնածուն ժամանակին «իսկական դահճի»` Թբիլիսիի ոստիկանապետ Սոսո Ալավիձեի աջ ձեռքն էր:
Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը տարածված տեսանյութերն անվանել է սադրանք:











