Ճապոնիայում ի հայտ է եկել մեծ զոհաբերություններ պահանջող նորաձեւություն: Նոր երեւույթի` «գլուխ-փքաբլիթի» մասին պատմել է  National Geographic հեռուստաալիքը, որն իր «Տաբու» հաղորդաշարում ցուցադրել է, թե ինչի են պատրաստ  «ախորժելի» տեսք ունենալ ցանկացողները:

Ճակատի վրա փքաբլիթի տեսքով ահավոր դեֆորմացիան, որն ստացել է bagel-head անվանումը, տեղի է ունենում մաշկի տակ աղային լուծույթ ներարկելու միջոցով: Հեղուկը ճակատին հսկայական այտուց է ձեւավորում, ինչից հետո բավական է միայն սեղմել դրա կենտրոնին` համեղ թխվածքի տեսքը հաղորդելու համար: Ամբողջ ընթացակարգը տեւում է երկու ժամ, իսկ էֆեկտը շարունակվում է 16-24 ժամ, ինչից հետո հեղուկը լուծվում է, եւ ճակատն իր նախնական տեսքն է ստանում, գրում է The Daily Mail-ը:

«Փքաբլիթի» ստացման գործընթացը բավական տհաճ է. առաջին ժամերին մարդն զգում է, թե ինչպես է հեղուկը լցվում մաշկի տակ,  իսկ հետո սկսվում է թեթեւ  ծակոց եւ ճնշում այն հատվածում, որտեղ աղե «բլրակ» է գոյանում, գրում է NEWSru.com-ը:

Այդ արտասովոր գաղափարն առաջին անգամ մտահղացել է ճապոնացի լուսանկարիչ եւ լրագրող Ռեիթի Մաեդան: 1999 թվականին Ճապոնիայում առաջին անգամ տեղի է ունեցել նորաձեւության կոնվենցիա, որի շնորհիվ ծագել է bagel-head ուղղությունը, հենց այդ ժամանակ է Մաեդան ծանոթացել Ջերոմին, որը հորինել էր աղային ներարկումները: 2003 թվականին տղամարդիկ անցկացրել են առաջին փորձարկումները, իսկ 4 տարի անց ճապոնացին այն հայրենիք է բերել: