Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի դեմ մահափորձ է կատարվել… սթրայքբոլ խաղի ատրճանակից:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Խրաստավա քաղաքում՝ կամրջի բացման արարողության ժամանակ: Թիկնոցով տղամարդն անցել է թիկնազորի միջով, մոտեցել է Կլաուսին եւ մի քանի անգամ կրակել նրա կողքին, որից հետո անհետացել է ամբոխում:
Խրաստավայի քաղաքապետը պատմել է, որ կանգնած է եղել նախագահի կողքին, սակայն ոչինչ չի նկատել: Ձայն է լսել, սակայն մտածել է, թե նվագախումբն է:
Նա այն ժամանակ է հասկացել, որ ինչ-որ բան այն չէ, երբ նախագահը մոտեցել է թիկնապահին եւ ամոթանք տվել, որ վերջինս ժամանակին չի արձագանքել:
Կլաուսը դեպքին լուրջ չի վերաբերվել, գրում է «utro.ru»-ն:
Մինչդեռ, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նախագահը միջադեպից հետո տեղափոխվել է հիվանդանոց՝ բժշկական զննում անցնելու:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողին, նա տեղի 26-ամյա բնակիչ է:











