Ճապոնիայի հարավում վրա հասած «Ջելավատ» թայֆունի հետեւանքով 65 մարդ տուժել է, ավելի քան 331 հազար տներ հոսանքազրկվել են:
Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական գործակալության հաղորդմամբ, «Ջելավատ» թայֆունը, որը Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքում այս տարեշրջանի թվով 17-րդ թայֆունն է, գտնվում է Կագոսիմա պրեֆեկտուրայի մերձակայքում եւ 30 կմ/ժ արագությամբ շարժվում է հյուսիս-արեւելք, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Թայֆունի կենտրոնում ճնշումը 935 հեկտոպասկալ է: Ցիկլոնին ուղեկցող քամու արագությունը վայրկյանում հասնում է 45 մետրի` վայրկյանում մինչեւ 65 մետր պոռթկումներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Տարերքի զոհերի մասին լուր չի հաղորդվել: Չորս հազարից ավելի մարդ տարհանվել են տներից` ջրհեղեղից զգուշանալով: 331 հազար 500 տներ մնացել են առանց էլեկտրականության, ինչը կազմում է Օկինավա կղզու շինությունների 60%-ը:
Նահայի օդանավակայանից բոլոր թռիչքները հետաձգվել են: Զգուշացում է եղել քամու պոռթկումների եւ թայֆունին ուղեկցող անձրեւների հետեւանքով սողանքների առաջացման վտանգի մասին:
Համաձայն Ազգային օդերեւութաբանական գործակալության կանխատեսումների` սեպտեմբերի 30-ին թայֆունը կհասնի ճպոնական գլխավոր` Հոնսյու կղզի:











