Compass խմբի համար Հայաստանը դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012-ում»  ներկայացնելու մասին նորությունը հաճելի անակնկալ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց խմբի ղեկավար, ռեժիսոր, երգահան Զառա Պետրոսյանը: «Դա շատ հետաքրքիր ֆորմատ է, եւ ես ուրախ եմ, որ այդ ֆորմատը տեսան, գնահատեցին եւ հնարավորություն ստեղծվեց մեզ համար հաղթելու»,- ասաց նա:

Compass խումբը բաղկացած է բաս-կիթառահար եւ մենակատար` Դավիթ Պարոնիկյան, կիթառահար` Արամ Ծատուրյան, հարվածային գործիքներ` Արշավիր Գրիգորյան, ստեղնաշարային գործիքներ` Աբրահամ Ազնաուրյան եւ Միքայել Վարոսյանը: Ի սկզբանե, Դավիթ Պարոնիկյանը եւ Միքայել Վարոսյանը Զառա Պետրոսյանի սանն են, եւ որոշեց նրանց մի խմբում ընդգրկել: Դավիթը ուսուցչին տեղեկացրեց, որ իրենք համադասարանցիներով խումբ են ստեղծել եւ մի քանի անգամ խնդրեց գալ եւ լսել իրենց: «Ես երեխաներին լսեցի, երեխաների եռանդը, ցանկությունը, ճաշակը ինձ գրավեց, ու գրավեց ճաշակը, շատ լավ երաժշտություն էին փորձում նվագել, ես երեխաների հետ լուրջ խոսեցի, ասացի, որ եթե պարապելու եք, ես ձեզ բեմեր կհանեմ»,- ասաց նա` հավելելով, որ տղաների առաջին բեմելը եղավ հունիսի 4-ին: Թեեւ խումբը պաշտոնապես ստեղծվել է 5 ամիս առաջ, բայց, խմբի ղեկավարի խոսքով, սոցիալական ցանցերում ակտիվության շնորհիվ արդեն ունի երկրպագուների բանակ:

Compass-ը Ամստերդամում եւս հանդես կգա «Sweetie baby» երգով եւ կփորձի անել առավելագույնը` լավագույն հանդես գալու համար: Խմբի ղեկավարի խոսքով`խմբի նախապատրաստական աշխատանքները կկայանան Հայաստանում, բայց դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե ինչ կլինի բեմում, երեխաները ինչպես հանդես կգան: «Ինձ չի թվում, որ յուրահատուկ շոու պետք է լինի, երեխաները արդեն հետաքրքիր են իրենց ֆորմատով, ինչ-որ նրբություններ, փոփոխություններ կարվեն, հիմնականում` նրանք պետք է աշխատեն այնպես, ինչպես երեկ են աշխատել, դիցուք` ավելի օրիգինալ ֆիշկեքով»,- ասաց նա` հավելելով, որ տղաները շնորհալի են, գիտեն օտար լեզուներ, լսում են լավ երաժշտություն:

Նրա կարծիքով` խմբի ուժեղ կողմն այն է, որ առաջին մանկական ռոք խումբն է, որը  եւ նվագում է, եւ երգում է, կենդանի բենդ է: Իսկ թույլ կողմ կարելի է համարել այն, որ երեխաները, չունենալով մեծ փորձ, արժանացան գլխավոր եւ պատասխանատու բեմահարթակներից մեկում հանդես գալու հնարավորությանը:

Հավանաբար, Հայաստանը ներկայացնող մասնակիցները Ամստերդամ կմեկնեն նոյեմբերին, իսկ մինչ այդ նրանց սպասվում է բուռն նախապատրաստական պրոցես:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012-ում» կներկայացնի Compass խումբը` «Sweetie baby» երգով»: Շոու ծրագրում ելույթ ունեցան նաեւ Հայասատանի առաջին «եվրատեսիլագնաց» Անդրեն, Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2011-ի» հաղթող «Candy» խումբը: Եզրափակիչ փուլ էր անցել նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` Անգելինա Գասպարյանը, ով հաղթող չդարձավ: